ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը հայտարարել են Գազայում սովի սպառնալիքի մասին

Հրապարակված զեկույցի համաձայն՝ ավելի քան մեկ միլիոն մարդ անօթևան է դարձել, իսկ բնակչության 75 տոկոսը՝ բռնի տեղահանված
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Գազայի հատվածի բնակիչների կեսից ավելին սովի եզրին է, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է դարձել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով: Նշված է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։
«Գազայի հատվածի բնակչության կեսից ավելին սովի եզրին է, և ամբողջ բնակչությունը սննդի սուր պակաս է զգում և թերսնուցված է: Ավելի քան մեկ միլիոն մարդ անօթևան է դարձել, իսկ բնակչության 75 տոկոսը՝ բռնի տեղահանված»,- ասված է միջազգային կազմակերպությունների պատրաստած զեկույցում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ռազմական գործողությունների աղետալի հետևանքներն առավել ծանր են ազդել կանանց, ծերերի և երեխաների վրա:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։