ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Բրյուսելյան հանդիպումը նվիրված է լինելու Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ժողովրդավարությանն ու տնտեսությանը, հայ–ադրբեջանական խաղաղության գործընթացը չի քննարկվելու հանդիպման ժամանակ։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս հայտարարությունն է արել ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք բանակցություններին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։
«Այս հանդիպումը նվիրված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, երկրի ժողովրդավարությանը, տնտեսությանը և կենսունակությանը։ Խաղաղության գործընթացն այդ հանդիպման քննարկման թեման չէ։ Սա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսության դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականների աջակցությունը և Հայաստանում քաղաքական բարեփոխումներին ուղղված աջակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Այդ խորհրդակցությունը տարածաշրջանային ուղղվածություն չունի», - նշել Է Միլլերը։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանն ասել էր, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: