ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հնարավոր է` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք 600 000–866 000 դրամ աշխատավարձ ստանան։ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց, որ առաջարկվում է հավասարեցնել այդ անձանց հիմնական աշխատավարձերը։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով նախատեսվում է, որ ԿԸՀ և ՀՌՀ նախագահների աշխատավարձերը կավելանան 14 գործակցով, իսկ ԿԸՀ և ՀՌՀ անդամներինը` 10 գործակցով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը անհամաձայնություն հայտնեց և շեշտեց, որ երկրում առկա իրավիճակից ելնելով` այդքան գումարը շատ է և նույնիսկ ամոթ է հանրայնացնել։
«Դրույքաչափի գործակիցները բազմապատկելով կստանանք, որ նախագահի մաքուր աշխատավարձը կկազմի 866 880 դրամ, իսկ անդամինը` 602 000 դրամ։ Սա շատ է, թե քիչ, այլ հարց է, բայց մենք գործառույթն ենք գնահատում»,– ի պատասխան Նազարյանի դիրքորոշմանն ասաց Քալաշյանը։
Նա շեշտեց, որ բոլոր անկախ մարմիններում աշխատավարձերը պետք է հավասար լինեն։
Հանձնաժողովը 5 կողմ և 1 դեմ ձայներով հավանություն տվեց նախագծին։