Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա․ ֆրանսիացի պատգամավոր

Անն Լորանս Պետել
Ֆրանսիացի պատգամավորը դիմել է Բորելին՝ կոչ անելով ազդեցիկ հայտարարությամբ հանդես գալ՝ հաստատելով Երևանի ագրեսիվ ծրագրերի բացակայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա։ X-ի իր էջում այս մասին գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։
«Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա»,- ընդգծել է նա։
Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:
Ֆրանսիացի պատգամավորը տարածել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը, որն իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության գրառումն է հրապարակել իր էջում։
Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում են ՀՀ ԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները։ ԵՄ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանային իրադրության դիտարկման ընթացքում ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել: