Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ. Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Սեյրան Օհանյանի կարծիքով` թեև Հայաստանի իշխանությունը վախեցնում է ժողովրդին պատերազմով, հայը չունի բարոյական իրավունք իր հող հայրենին հանձնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայ ժողովուրդը չի տենչում պատերազմ, բայց և պատերազմից չի վախենում։ Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ։ Միայն ազգային ուժերի առաջնորդությամբ կարող ենք պայքարել ու ապրել հանուն հայկական Արցախի, Հայաստանի»,– գրել է նա։
Սեյրան Օհանյանը նշել, որ թեև այսօր օրինական ստեղծված Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայաթափված ու հանձնված է, Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի իշխանությունը վախեցնում է ժողովրդին պատերազմով, բայց հայը չունի բարոյական իրավունք չունի իր հող հայրենին հանձնելու։
Ապրիլյան պատերազմը նա անվանել է հերոսամարտ (այդ օրերին Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր–խմբ.) ու հիշեցրել, որ 2016-ի այս օրերին Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում, ձախողեց նրա բոլոր հեռանկարային պլաններն ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ։
Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն ավելի քան 100 զոհ տվեց: