««Գոյն» այսօր օկուպացված է». դերասանները մուտք գործեցին թատրոն

«Գոյ» թատրոնի դերասաններ
Սարգիս Արզումանյանի խոսքով` պետությունը 35 տարում որևէ բարելավում չի արել «Գոյի» համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Սունդուկյանի անվան թատրոնի և Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասանները երկար բանավիճելուց հետո համաձայնության եկան, և նրանք «Գոյի» տարածք մտան Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանները չեն կարողանում մտնել թատրոն, քանի որ Սունդուկյանի անվան թատրոնը նրանցից պահանջում է թերթիկներ լրացնել, որտեղ կնշվեն անձնական տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հաշվառման հասցե), որպեսզի հատուկ քարտեր տրամադրվեն մուտք գործելու համար։
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը նշեց` մտան իրենց թատրոն, որպեսզի հասկանան` շուրջ 1 շաբաթում, ինչ դռները փակ են, փոփոխություններ կան, թե ոչ։
«Հիմա կշրջենք մեր դահլիճում, որպեսզի դուք էլ արձանագրեք, թե ինչպիսին է մեր թատրոնը ներկա պահին։ Մենք շուրջ 1 շաբաթ է, ինչ չէինք կարողանում մուտք գործել այստեղ։ «Գոյ» թատրոնն այսօր օկուպացված է, մենք օկուպացված տարածքում ենք գտնվում։ Առավել քան վստահ եմ` սա տարածքի կռիվ է։ Սունդուկյան թատրոնն ասում է` իրենն է, «Գոյ» թատրոնն ասում է` իրենն է, պետությունն էլ իրենն է համարում, վերջն ո՞ւմն է։ Այս հարթակը հանդիսատեսինն է»,– լրագրողներին դիմելով` ասաց Արզումանյանը։
Նա ընդգծեց, որ չնայած պետական լինելուն, շուրջ 35 տարում պետությունը որևէ բարելավում չի արել «Գոյի» համար։ Արզումանյանը վստահեցրեց` այն, ինչ կա, ստեղծվել է դերասանների ձեռքերով։
«Գոյ» թատրոնի բեմական մասի պատասխանատու, դերասան Էդգար Անդերասյանը վստահեցրեց, որ թատրոնի գրեթե ողջ գույքն անձնական միջոցներով են ձեռք բերել, պետական միջոցներով 20-25 անուն ապրանք կա, որից 12-ը` աթոռ, օդափոխության համակարգը և աստիճաններ։
Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը` որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն: