Երևանում կանցկացվի հայ-ղազախական գործարար համաժողով

Քննարկվել է նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևի՝ առաջիկա պաշտոնական այցը Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Կայացել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևի՝ առաջիկա պաշտոնական այցը Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանձնաժողովի նիստը կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով: Նիստի շրջանակներում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:
«Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել՝ ի շահ մեր երկրների և մեր քաղաքացիների։ Մենք մտադիր ենք զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, խթանել ներդրումները, ապահովել դրանց պաշտպանությունը, զարգացնել ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»,- նիստի ընթացքում նշել է Մհեր Գրիգորյանը:
Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևի՝ առաջիկայում Հայաստան նախատեսված առաջին պաշտոնական այցը:
Նշենք, որ ապրիլի առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։