ԵՐԵՎԱՆ, 2 ապրիի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը միաժամանակ հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել»,– ասված է ՀՀ ՊՆ–ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է ՀՀ ԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացում: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է այդ պնդումները։ ԵՄ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանին իրադրության դիտարկման ընթացքում ոչ մի արտառոց տեղաշարժ չի հայտնաբերվել: