ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Սեժուրնեն նշել է, որ Ֆրանսիային և ԱՄՆ-ին մտահոգող հարցերի թվում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ Ադրբեջանը հարցականի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Փարիզը մտահոգություն է հայտնում պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների և հռետորաբանության կապակցությամբ։ Նա շեշտել է, որ Բաքվի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում։
«Դա ներառում է նաև Բաքվի կողմից տարածվող կեղծիքների տարածումը, որով փորձ է արվում իրավիճակի հնարավոր սրման պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա»,- հավելել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Դիմելով Բլինկենին՝ նա նշել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է շատ ուշադիր լինեն այս հարցին, այդ թվում՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP 29 կլիմայական համաժողովի անցկացումից ամիսներ առաջ։
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանը կրկին ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում՝ իբրև թե սահմանի երկայնքով հայկական կողմից զինտեխնիկայի տեղաշարժի, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմից արձակված կրակոցների վերաբերյալ և այլն։ Նման բովանդակությամբ հաղորդագրություններ է Ադրբեջանի ՊՆ-ն տարածում մարտի 31-ից սկսած, իսկ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։