Պետական մարմիններն իրենց որոշումներն ընդունում են առանց ծնողների հետ խորհրդակցելու․Միլիտոսյան

Sputnik
2008 թվականից ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը՝ ընդգծելու աուտիզմ ունեցող մարդկանց աջակցելու և նրանց կյանքի որակը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Աուտիկ սպեկտրի խանգարումները կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցման ու վարքագծային մարտահրավերներ:
Աուտիզմ ունեցող երեխաների ծնողական համայնքի հիմնադիր անդամ Մելեա Միլիտոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ պետական մարմինները և օրենսդիրները իրենց որոշումներն ընդունում են առանց ծնողների հետ խորհրդակցելու և նրանց կարծիքը հաշվի առնելու։
Միլիտոսյանի խոսքով՝ ծնողական համայնքում լուրջ դժգոհություն է առաջացրել նաև կառավարության որոշումը, որով 2024 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անձնական օգնականի ծառայություն: Աուտիզմով երեխաների դեպքում այս կարգավորումը գործելու է մինչև 15 տարին լրանալը։ Դրանից հետո պետությունն այլևս օգնական չի տրամադրելու։