ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած կադրերը տեսամոնտաժված են։ ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` հերքելով սահմանին զորքերի կուտակումը։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն կադրեր էր հրապարակել, թե իբր ՀՀ ԶՈՒ–ն սահմանին զորքեր է կուտակում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
«ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,–նշել են ՊՆ–ից:
Ընդգծվում է, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ և այսօր հաղորդագրություններ է տարածել, որ հայ– ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց բան չի նկատել։
Նշենք, որ մարտի 30-ին էլ, ադրբեջանական տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել էին ՀՀ ԶՈւ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ։ ՀՀ ՊՆ հերքեց այդ տեղեկությունը։