Ոսկեգործությունը` հանրակրթական դպրոցում դասավանդվող առարկա. փոքրիկ վարպետների զարդերը

Դավիթ Պետրոսյան
Աշխույժ մթնոլորտ, ոսկեգործություն սովորող երեխաներ, որոնցից յուրաքանչյուրը ցուցադրել իր պատրաստած զարդերն ու հմտությունները։ Sputnik Արմենիան զրուցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ոսկեգործական լաբորատորիայի» ղեկավար, ուսուցիչ–վարպետ Դավիթ Պետրոսյանի և սաների հետ։
Sputnik
Երբևէ կպատկերացնեի՞ք, որ հանրակրթական դպրոցում հնարավոր կլինի ոսկեգործություն սովորել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սա իրականություն է։ Բարդ մասնագիտություն համարվող այդ արհեստը դյուրին ուսուցանվում է այն աշակերտներին, որոնք «Ընտրովի առարկա» դասի շրջանակում նախընտրում են ոսկեգործություն սովորել «Ոսկեգործական լաբորատորիայի» ղեկավար, ուսուցիչ–վարպետ Դավիթ Պետրոսյանից։
Ուսուցման ընդհանուր մեթոդը բաղկացած է 4 մոդուլից, բայց գոյություն ունի նաև զրոյական մոդուլ, երբ երեխաները կարող են կողքից հետևել կատարվող աշխատանքներին` հասկանալու համար` ուզո՞ւմ են հաճախել դասերին, թե՞ ոչ։ Նրանց ոսկեգործական լաբորոտորիայում ժպիտով «տուրիստ» են ասում։
Միայն այս տարի 150 աշակերտ ընտրել է ոսկեգործությունը։ Այստեղ երեխաները հաճախում են 8 տարեկանից։
Ոսկեգործական լաբորատորիայում
Առաջին մոդուլում աշակերտները սովորում են պատկեր ձևավորել։ Հետո երեխաներն ավելի են հմտանում ու ձևավորում էսքիզներ։ Նրանք ուսումնասիրում են նաև էլեկտրոնային ոսկեգործության «Ռինոցեռոզ» (Rhinoceroz), «Մատրիքս» (Matrix) «ԶէթԲռաշ» (ZBrush) ծրագրերը։ Դրանց միջոցով հայտնվում են համակարգչային, 3D դիզայնի աշխարհում, այնտեղ հղկում և կատարելագործում են իրենց երևակայության մեջ առաջացած իրերը։
«Մաթեմատիկա, երկրաչափություն, գծագրություն, ֆիզիկա, քիմիա, գունանկար, գծանկար, քանդակ. սրանք այն առարկաներն են, որոնց միասնության հետ ուղիղ առնչվում է ոսկեգործությունը։ Այստեղ զարգացվում են արհեստագործական հմտությունները և ձեռքի աշխատանքը` հատկապես մանր մոտորիկան։ Այստեղ երեխաները ստանում են ներդաշնյակ պատկերացումներ տիեզերքի և աշխարհի վերաբերյալ, հետազոտում և ուսումնասիրում դրանց տարբերությունները և նմանությունները, ծանոթանում մետաղներին, բյուրեղներին ու միերալներին և ամենակարևորը սովորում են ազատ ստեղծագործել»,–ասաց Պետրոսյանը։
Ոսկեգործական լաբորատորիան երկու մասից է բաղկացած. նախագծային, որտեղ ձեռքի աշխատանքի կամ էլեկտրոնային ոսկերչությամբ ստացվում է վերջնական էսքիզը և գործնական, երբ էլեկտրոնային ֆայլը լաբորատորայի 3D բարձրակարգ տպիչներով վերածվում է մոմե մոդելի։ Տպագրության հարցերում առաջատար ուսանողներից մեկը 16–ամյա Կարեն Մարգարյանն է, որը 10 տարեկանից է հաճախում այնտեղ։ Նրա հմտություններն այնքան են զարգացել, որ նույնիսկ կարողանում է տպագրության սարքերի սպասարկմամբ զբաղվել ու մենթորություն անել իրենից կրտսեր ոսկեգործներին։
Կարեն Մարգարյան
Տպագրությունը կարող է տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր՝ նայած մոդելի բարդության։
«Մինչև եռաչափ մոդելավորման անցնելը ձեռքով պատրաստել էի տարբեր իրեր. օրինակ, սա սնկերի իմ հավաքածուի մատանիներն են։ Սրանք ինձ օգնեցի ավելի լավ ճանաչել ոսկեգործությունը։ Այժմ իմ աշխատանքն ավելի հետաքրքիր է դարձել, քանի որ գիտեմ, թե այն ինչ կարող է դառնալ»,–ասում է Կարենը։
Հաջորդ փուլն արդեն մոդելի տեսքով մետաղի ձուլումն է, ապա սարգահատում–հղկումը, փայեցումը։ Ապա զարդի վրա տեղադրվում են քարեր կամ զարդն էմալապատվում է։
Մինաս Գրիգորյան
Ոսկեգործական լաբորատորիայի հմուտ ուսանողներից է նաև 17–ամյա Մինաս Գրիգորյանը, որը ևս օգնում է ավելի կրտսեր երեխաներին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ։ Վարպետ Դավիթ Պետրոսյանը վստահ է, որ Մինասն ու իր տարեկից սովորողները 20 տարեկանում արդեն վարպետներ կլինեն։
«Այս պահի դրությամբ զբաղվում եմ սարգահատմամբ (հղկմամբ-խմբ.), դեռ սովորում եմ, նաև ձուլմանն եմ մասնակցում»,– նշեց Մինասը։
Ցուցահարթակի հատվածում տեղադրված ստեղծագործական իրերը, որոնք պատրաստվել են տարբեր սերնդի սովորողների կողմից, մոտիվացնում են սկսնակներին, օգնում հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ջանասեր աշակերտներից է նաև Ադել Կարապետյանը, որը չնայած նրան, որ նոր է սկսել հաճախել դասերին, բոլորից առաջ է անցնում իր աշխատասիրությամբ։
«Աշխատում ենք մոմով, աշխատում ենք պլաստերինով, ամեն մեկն իր գործն ունի»,–ասաց նա։
Ադել Կարապետյան
Նշենք, որ ոսկեգործական լաբորատորիայում սովորում են նաև կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Դավիթ Պետրոսյանն այժմ նախագծեր է մշակվում վերջույթների խնդիրներ ունեցող երեխաների համար, երբեմն անձամբ փորձարկումներ անում անվասայլակով, որպեսզի միջավայրի հարմարավետությունը հասկանա։
«Մեր սովորողների համար արդեն սովորական է դարձել, երբ անվասայլակով երեխա կամ մեծահասակ են տեսնում, և ավելորդ էմոցիաներ չեն առաջանում։ Ներառնվելու կարիք ունեցող երեխաներն էլ այստեղ հեշտությամբ ինտեգրվում են։ Սովորաբար նման սովորողները շատ ավելի առաջ են ընկնում, քան նրանք, որոնք ոչ մի խնդիր չունեն»,–ասաց վարպետ Պետրոսյանը։
Անկախ երեխաների ընդունակություններից՝ նրանց բոլոր աշխատանքները ներկայացվում են տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսներում, քանի որ ձևավորված ստեղծագործական աշխատանքները մեծ ջանքերի, համբերության, քրտաջանք աշխատանքի արդյունք են և արժանի են հասարակության ուշադրությանը` դրանց հեղինակ երեխաների հետ միասին։
1 / 6

Էրիկ Օհանյանը լաբորատորիայում

2 / 6

Ոսկեգործական լաբորատորիայում

3 / 6

Ոսկեգործական լաբորատորիայում

4 / 6

Ոսկեգործական լաբորատորիայում

5 / 6

Ոսկեգործական լաբորատորիայում

6 / 6

Ոսկեգործական լաբորատորիայում