ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ճապոնիան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը և պատրաստ է աջակցել դրանց: Այս մասին Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:
«Ճապոնիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, հայ-ադրբեջանական բանակցություններին»,–ասել է դեսպանը։
Բարեկամական խմբի անդամները, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ընդգծել են, որ այն շարունակում է մնալ լարված և խոցելի: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է գերի պահել մեր հայրենակիցներին, ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, չի դադարում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը: Ընդգծելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը` պատգամավորները շեշտել են, որ այդ նպատակին հասնելու համար կարևոր է գործընկեր երկրների աջակցությունը, ինչպես նաև թիրախային հայտարարությունները և քայլերը` զսպելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հավակնությունները:
Պատգամավորները բարձր են գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակիցներին Ճապոնիայի ցուցաբերած աջակցությունը:
Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ տնտեսական համագործակցության հարցում առկա է չիրացված ներուժ: