Պետական շահը պահանջում է, որ Երևանը ապրիլի 5–ին մասնակցի ԱՄՆ–ԵՄ–ՀՀ հանդիպմանը. պատգամավոր

Վաղարշակ Հակոբյան
Վաղարշակ Հակոբյան
ՔՊ–ական պատգամավորն ընդգծեց, որ ԱՄՆ–ԵՄ–Հայաստան հանդիպման արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել հանդիպումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ–ի պետական շահը պահանջում է, որ Հայաստանն ապրիլի 5–ին մասնակցի ԱՄՆ–ԵՄ–ՀՀ հանդիպմանը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը։
«Մեզ փորձում են սադրել և հանել բանակցային այն գործընթացից, որի մեջ գտնվում ենք։ Բայց պետք է սթափ լինենք, չտրվենք էմոցիայի և շարժվենք ՀՀ պետական շահին համահունչ։ ՀՀ–ին և մեր իշխանությանը ընձեռված է հնարավորություն Եվրամիության և արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացման իմաստով, և այդ հնարավորությունը մենք պետք է օգտագործենք ի նպաստ ՀՀ–ի»,– ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել հանդիպումից հետո։
Հակոբյանի խոսքով` երբ Հայաստանը մեկ այլ երկրի հետ խորացնում է իր հարաբերությունները, դա ուղղված չէ մեկ այլ երկրի դեմ, առավել ևս` դաշնակից ՌԴ–ի։
«Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը միմիայն անում ենք տնտեսության զարգացման, անվտանգության բարձրացման մեր երկրի քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավման համար։ Այս տրամաբանության մեջ են մեր քայլերը»,–ասաց պատգամավորը։
Հիշեցնենք` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Ըստ նրա` նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։