Փաշինյանն ազգին սպառնում է պատերազմով, որ արդարացնի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր

Արթուր Խաչատրյանը վստահեցնում է` պատերազմի վտանգը վերացնելու համար անհրաժեշտ է ուժեղ բանակ ստեղծել, ոչ թե գնալ Բաքվին մշտական զիջումների ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմով սպառնում է ժողովրդին, որպեսզի արդարացնի բոլոր զիջումները։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խաչատրյանը վստահեցնում է` 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո Փաշինյանն օգտագործում է նոր պատերազմի սպառնալիքից առաջացող վախը` որպեսզի արդարացնի իր բոլոր զիջումները, որոնք կարգավորված չեն գոնե հասարակությանը հայտնի որևէ փաստաթղթով։
«Շանտաժի է ենթարկում ժողովրդին, որպեսզի կարողանա արդարացնել իր զիջողական քաղաքականությունը։ Հիշենք Խծաբերդը, Շուռնուխի հատվածում ճանապարհի անհասկանալի զիջումն Ադրբեջանին, ինչպես նաև Սև լիճը, Սոթքը, Շորժան, Ներքին Հանդը, և վերջապես՝ Ջերմուկը։ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է պատերազմով»,– ասաց Խաչատրյանը։
Պատգամավորն ընդգծեց ընթացիկ մոտեցման անթույլատրելիությունը` մատնանշելով պատերազմի մշտական վտանգը թուլության և զիջումների պատրաստակամության պայմաններում:
«Պատերազմի վտանգը միշտ առկա է, քանի դեռ կա զիջելու պատրաստակամությունը»,– նշեց Խաչատրյանը։
Բաքվի պահանջած գյուղերն ադրբեջանական ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունների համատեքստում պատգամավորը շեշտեց, որ իր կարծիքով դա միայն պատերազմով Ադրբեջանի կողմից հետագա պահանջներ ու սպառնալիքներ կառաջացնի:
Պատերազմի սպառնալիքի վերացումը պահանջում է հզոր բանակ, սակայն, ըստ պատգամավորի, իշխանությունների ջանքերն այդ ուղղությամբ բավարար չեն: Խաչատրյանն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին տարիներին անցկացված զորավարժությունների քանակի համեմատությունը ցույց է տալիս այդ անհավասարակշռությունը։