Միրզոյանը հայտարարել է` Հայաստանը և Ռուսաստանը «նույն լեզվով չեն խոսում»

Չնայած տնտեսական սերտ հարաբերություններին, Երևանի և Մոսկվայի միջև խնդիրներն անհնար է թաքցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը և Ռուսաստանը «նույն լեզվով չեն խոսում», և տարաձայնություններ կան։ Արգենտինական Todos Noticias–ին տված հարցազրույցում նախարարը շեշտել է, որ երկու երկրներն էլ զարգացնում են տնտեսական սերտ հարաբերություններ, երկկողմ առևտուր է ընթանում։
«Համագործակցությունը տարբեր ոլորտներում է իրականացվում, անվտանգության ոլորտում լավ կապեր են պահպանվում։ Ճիշտ է նաև այն, որ այսօր մենք տարբեր մտքեր ունենք և պարզ ասած, նույն լեզվով չենք խոսում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրներն անհնար է թաքցնել»,– հայտնել է նա։
Միրզոյանը դժվարացել է երկկողմ հարաբերությունների ապագան կանխատեսել, սակայն հայտարարել է, որ Հայաստանն արդարացի ակնկալիքներ ունի երկրների կողմից իրենց պարտավորությունների փոխադարձ կատարման վերաբերյալ։
Նախարարն անդրադարձել է նաև ՆԱՏՕ–ի հետ Հայաստանի հարաբերություններին` նշելով, որ Երևանը համագործակցում է դաշինքի հետ, բայց կազմակերությանն անդամակցելու ծրագրեր չկան։ Խոսելով ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին` ԱԳ նախարարը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը վերջերս Եվրախորհրդարանում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ–ի հետ այնքանով, որքանով ԵՄ–ն դա հնարավոր է համարում։