ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շնորհիվ 397 անձ պաշտոնապես սկսել է աշխատել։ Տեղեկությունըասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Նշենք, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, երկրորդ բաղադրիչով՝ պրակտիկայի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, և երրորդ՝ ուսուցման, պրակտիկայի և աշխատանքի տեղավորում։
«Սա ուրբաթ օրվա թվերն են։ Ծրագիրն ընթացքում է, նոր պայմանագրերի ստորագրման պրոցեսը շարունակվում է»,– նշեց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ դիմողների 100 տոկոսը նախընտրում է պրակտիկան։
Միայն աշխատանքի անցնելու ցանկություն ունեցողներից 6072–ը դիմել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային գրանսենյակներ, որտեղ գնահատվել են նրանց կարիքներն ու առկա բազայից աշխատանք է առաջարկվել։ Այդ անձանցից փաստացի աշխատանքի է ընդունվել 1992-ը։
Ծրագրին մասնակցելու համար կարևոր է ԼՂ–ից բռնի տեղահանված լինելու փաստը, ինչպես նաև վերջին 1 ամսում որևէ աշխատանք չունենալը։ Այլ սահմանափակումներ չկան։ Անձը կարող է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային գրասենյակ, որտեղ նրան խորհրդատվություն կտրամադրեն ու կուղղորդեն։ Այս պահի դրությամբ ավելի քան 1000 անձ է հետաքրքրվել ծրագրով։
Հիշեցնենք, որ ծրագիրը կառավարությունը հաստատել է հունվարի 11-ին։ Աշխատանքի տեղավորման ծրագրի առաջին բաղադրիչի դեպքում պետությունը փոխհատուցում է ուսման վարձը և կրթաթոշակ տրամադրում (50 000-ական դրամ)։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, ու պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի և մյուս պահումները մինչև 50 000 դրամի չափով։
Հաջորդ բաղադրիչն աշխատանքային փորձի ձեռքբերումն է, տևում է մինչև 3 ամիս, յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 000 դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին (հարկերը ներառված են)։ Այս գործընթացից հետո պետությունը ևս 3 ամիս 50 000 դրամ է փոխհատուցում եկամտահարկի համար։ Այս պարագայում աշխատանքային պայմանագրի նվազագույն ժամկետն առնվազն 6 ամիս է։
Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է։