ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված 5-ամյա ծրագիր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կեսարյան հատումների թիվը Հայաստանում վերջին 10 տարում կրկնապատկվել է` հասնելով 37,7 տոկոսի»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նշում է, որ կեսարյան հատումը ամենաշատ արյան կորստով վիրահատություններից մեկն է։ Բացի այդ, կարող են վիրահատական կամ հետվիրահատական բարդություններ լինել։ Բնակչության մակարդակով կեսարյան հատումների 10 տոկոսից բարձր ցուցանիշները կապված չեն մայրական և նորածինների մահացության մակարդակի կրճատման հետ։
Բժիշկները հստակ և խիստ ցուցումներ են տալիս կեսարյան հատման համար, սակայն շատ կանայք ընտրում են այդ ճանապարհը` բնական ծննդաբերությունից վախենալու և կեսարյան հատումով վիրահատությունն ավելի հեշտ և անվտանգ տարբերակ համարելու պատճառով։