ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. 2023 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 798–ով կամ 90.7%–ով` կազմելով 1678 (2022 թ.՝ 880)։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ դատախազության` 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։
«Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի էական աճը հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645-ով կամ 119.0%-ով), որոնցից 1132-ը հանկարծամահության դեպքեր են, որոնք մինչև 2022 թ. 2-րդ կիսամյակ որպես հանցագործության դեպքեր չէին հաշվառվում»,– նշված է դատախազության պարզաբանման մեջ։
2023 թ. ընթացքում ՀՀ–ում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք (2022 թ.՝ 37.612), այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 1357 դեպք:
Անցած տարի, ըստ դատախազության տվյալների, արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում: Փոխարենը 2477–ով կամ 23.9%-ով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը` կազմելով 12.848, մինչդեռ 2022 թ. այդ թիվը եղել է 10.371։ Ինչ վերաբերում է ծանր հանցագործություններին, ապա 2023 թ–ին դրանց թիվն աճել է 1036-ով կամ 20.4%–ով` կազմելով 6116 (2022 թ.՝ 5080)։