ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել հայկական շուկան, որպեսզի երկիրը մի կետից կախվածություն չունենա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարությունն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը։
«Դա անհրաժեշտ է, որ եթե աշխարհաքաղաքական այս իրավիճակներում վայրիվերումներ էլ լինեն, մեր տնտեսությունը չտուժի։ Այս ողջ պրոցեսը չպետք է դիտարկենք հակասությունների մեջ, այլ համադրությունների մեջ։ ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է, բայց մենք ԵՄ–ի հետ լավ հարաբերություններ ունենք»,– ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի նաև Իրանի հետ և Իրան–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքումից հետո շատ շահեկան դիրքերում է, քանի որ ՀՀ–ն ցամաքային սահման ունի Իրանի հետ և կարող է մեծ դարպաս լինել Իրան–ԵԱՏՄ համագործակցության մեջ։
ՔՊ–ական պատգամավորը միաժամանակ շեշտեց, որ ՀՀ–ն վերջին մի քանի տարիներին տնտեսական հսկա աճ է ապահովել, և այս բոլոր ձեռքբերումներն ունեցել ենք ԵԱՏՄ շրջանակում։
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին մի շարք երկրների հետ արտահանումն ու ներմուծումը աճել է 100 տոկոսով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում ասել էր, թե ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ։