ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանից ավտոմեքենաներ գնելը ռուսաստանցիների համար այլևս հետաքրքիր չի լինի, Հայաստանում էլ կնվազեն վաճառքի ծավալները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը` մեկնաբանելով ապրիլի մեկից ՌԴ–ում ուժի մեջ մտած մաքսային վճարի հաշվարկման նոր կանոնները։
Այսօրվանից օրենքի ուժ ստացած նոր կարգավորման համաձայն` ԵԱՏՄ երկրներից, այդ թվում` ՀՀ–ից Ռուսաստան ավտոմեքենա ներկրելու դեպքում մաքսային արժեքի նվազեցման հետևանքով չվճարված հարկերն ու վճարները կհաշվարկվեն օգտահանման վճարի կազմում: Փաստացի, այն գումարները, որոնք ռուսաստանցի ավտոներկրողները խնայում էին ՀՀ–ից ավտոմեքենա տանելով, զրոյացվում են։
«Ըստ էության, Հայաստանի իրավական դաշտում ոչինչ չի փոխվում։ Բայց մյուս կողմից, ակնհայտ է, որ մինչև հիմա ՌԴ–ից պոտենցիալ շատ գնորդներ Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածքում գտնում էին իրենց հետաքրքրող եվրոպական արտադրության մեքենաներ ու կարողանում էին դրանք համեմատաբար էժան գնել և ներմուծել Ռուսաստան։ Նոր կարգավորումը կհանգեցնի նրան, որ մեքենաներ ձեռք բերելն այդքան հետաքրքիր չի լինի։ ՀՀ–ի տնտեսական շահերի տեսանկյունից սա կհանգեցի դեպի ՌԴ արտահանվող ավտոմեքենաների ծավալների նվազեցմանը»,– կարծիք հայտնեց Պետրոսյանը։
Մասնագետը չբացառեց, որ արտահանման ծավալների կրճատումն իր հերթին կարող է հանգեցնել ՀՀ –ում երկրորդային շուկայի ավտոմեքենաների կուտակմանը, ինչն էլ կհանգեցնի որոշակի էժանացման։
«Այնպես որ մեր շուկայի վրա այս որոշումը ոչ ուղղակի, այլ երկրորդական ազդեցություն կունենա։ Այն մեքենաները, որ նախատեսված էին ՌԴ արտահանվելու համար կմնան կա՛մ մեր շուկայում, կա՛մ ինչ որ այլ ճանապարհներով, այլ մեխանիզմներով կփորձեն տանել Ռուսաստան»,– ասաց մեր զրուցակիցը։
Արտյոմ Պետրոսյանը հիշեցրեց, որ արևմտյան սահմանափակումների հետևանքով, որոնց միացել էր նաև Վրաստանը, Վրաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը բարդացել էր, ինչի արդյունքում փոխվել էին արտահանման ու վերաարտահանման ուղիներն ու մեխանիզմները։ Հետևաբար, նոր որոշումը, նրա համոզմամբ, այդ բիզնեսում ներգրավված անձանց կստիպի արդեն նոր ուղիներ փնտրել։
Հիշեցնենք, 2023թ–ին «Financial Times»–ը գրել էր, որ Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ ՀՀ ՊԵԿ նախագահը հերքել էր այս տեղեկությունը` նշելով, որ 2019թ–ին մեքենաների շատ ավելի մեծ հոսք է գրանցվել ՀՀ–ից դեպի ՌԴ, հետևաբար, սահմանափակումների հետ այդ վիճակագրությունը կապ չունի։
ԵԱՏՄ շուկայում Հայաստանը դեպի ՌԴ ավտոմեքենա արտահանած երկրների շարքում 3-րդն է` Բելառուսից ու Ղազախստանից հետո։ 2022 թ վերջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը կազմել է 6,5 տոկոս։