ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին պաշտոնատար անձից ու ՍՊ ընկերությունների սեփականատիրոջից ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024 թ. մարտին վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները:
Դատախազությունը, մասնավորապես Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից պահանջում է բռնագանձել`
3 անշարժ գույք,
1 տրանսպորտային միջոց,
Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ,
933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
Դատախազությունը պահանջում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝
3 անշարժ գույք,
1 տրանսպորտային միջոց,
270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
103 հազար 755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006–2023 թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:
Դատախազությունը պահանջ է ներկայացրել ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
5 անշարժ գույք,
4 իրավաբանական անձանցում մասնակցություն,
52 մլն դրամ: