Հայաստանում կտրուկ աճել է կարմրուկի հայտնաբերված դեպքերի թիվը․ նախարարություն

Հանրապետությունում կարմրուկով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 786-ի ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Հայաստանում կտրուկ աճել է կարմրուկի հայտնաբերված դեպքերի թիվը, քանի որ անցած շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 41: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նրանցից 18-ը երեխաներ են, 23-ը ՝ մեծահասակներ։ Հիվանդացածների ընդհանուր թիվը տարեսկզբից կազմում է 241 հիվանդ՝ 141 երեխա և 100 մեծահասակ: Հոսպիտալացվել է 22 քաղաքացի։
Հանրապետությունում կարմրուկով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 786-ի։
Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն ՝ կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 տարեկանից մինչև 4-6 տարեկան երեխաների համար: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստում չանցած երեխաների ծնողներին դիմել պոլիկլինիկաներ։ Պատվաստման ենթակա են նաև կարմրուկով հիվանդների հետ շփում ունեցած և երկու ներարկում չստացած անձինք: