ԵԱՏՄ-ում փոխադարձ ներդրումները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին աճել են ավելի քան 2 անգամ

Եվրասիական տնտեսական միության վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ներդրումների տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում փոխադարձ ներդրումները 2023 թվականի հունվար-սեպտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,2 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական միության վիճակագրական ծառայությունը։
Բացարձակ թվերով ներդրումների ծավալը կազմել է մոտ 1 մլրդ 600 մլն դոլար, որից 966 մլն դոլարը բաժին է ընկել Ղազախստանին։ Հարկ է նշել, որ գումարային տվյալները ներկայացվում են առանց հաշվի առնելու Ռուսաստանին (որը 2021 թվականից հետո դրանք չի հրապարակում)։
Նշված 1 մլրդ 600 մլն դոլարից 426,7 մլն դոլարը բաժին է ընկել Բելառուսին, 143,7 մլն դոլարը` Ղրղզստանին, 63,8 մլն դոլարը` Հայաստանին։
Վերջին տարիների տնտեսական հսկա աճը պայմանավորված է եղել ԵԱՏՄ անդամակցությամբ. Հակոբյան
Հաշվետու ժամանակահատվածում (2023 թվականի հունվար-սեպտեմբեր) ԵԱՏՄ երկրներից Հայաստան կատարված ներդրումների 98%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ ՀՀ-ում ներդրումների ընդհանուր հոսքում ԵԱՏՄ երկրներից կատարված ներդրումները կազմել են 12,1% (2022 թվականի արդյունքներով՝ 23,8%)։
Հայաստանում ներդրումների կառուցվածքը փոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրումների ուժեղ ներհոսքի հաշվին, որը նշված ժամանակահատվածում (2023թ.-ի հունվար-սեպտեմբեր) դարձել է հանրապետության տնտեսության ամենախոշոր ներդրողը (261,9 մլն դոլար)։ Ներդրումների ընդհանուր ներհոսքը կազմել է 528,4 մլն դոլար։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ներդրումների վերաբերյալ այս տվյալները ներառում են ոչ միայն ձեռնարկությունների կառուցումը կամ դրանց համար սարքավորումների գնումը, այլև վարկերը (մի երկրի բանկերից մեկ այլ երկրի ձեռնարկություններին) և պարտքերը, որոնք ձևավորվում են փոխադարձ առևտրի ընթացքում (օրինակ` երբ բիզնեսը ստացել է ապրանքներ, բայց դեռ չի վճարել դրանց համար): Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանի և ԱՄԷ-ի առևտրի ծավալը վերջին երկու տարում աճել է ավելի քան 20 անգամ (հասնելով մոտ 2,3 մլրդ դոլարի) միջնորդական առևտրի շրջանակներում։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: