ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք և ծանոթացել ասորիների խնդիրներին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինքնության տարրերի պահպանմանը վերաբերելի առանձին հարցեր։
Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես ՄԻՊ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
Վերին Դվին կատարած այցի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ:
Մանասյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունը, ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը: