ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Վերին Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Մարտի 27–ին հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը, որը նախորդող օրերին փակ էր, բացվել է բեռնատարների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: