ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր համախոհներին մինչև ձայների հաշվարկի ավարտը չհեռանալ քվեատուփերի մոտից և պաշտպանել «ժողովրդի կամքը»:
Թուրքիայում այսօր տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցելու իրավունք ունի 61,4 մլն ընտրող, անվտանգությունն ապահովվել են իրավապահ մարմինների շուրջ 600 հազար ներկայացուցիչներ:
«Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության գործընթացը հանրապետության ողջ տարածքում ավարտվել է։ Ժամանակն է հաշվել ձայները։ Քանի դեռ չի հաշվարկվել վերջին ձայնը և ամփոփված չեն արդյունքները, ես համոզիչ կերպով խնդրում եմ իմ բոլոր քույրերին և եղբայրներին չհեռանալ քվեատուփերից, որոնց համար նրանք պատասխանատու են, և մինչև վերջ պաշտպանել ժողովրդի կամքը», - նշել է Էրդողանը սոցցանցում։
Թուրքիայի նախագահի համար այս ընտրությունները կարևոր են, քանի որ իշխող կուսակցությունը նպատակ ունի վերականգնել վարչական կառավարման վերահսկողությունը այն շրջաններում, որտեղ իշխանության ղեկին են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:
Ակնկալվում է, որ իր համախոհների հաջողության դեպքում նախագահ Էրդողանը ավանդական «պատշգամբային ելույթով» հանդես կգա՝ Անկարայում Արդարության և զարգացման կուսակցության կենտրոնակայանի պատշգամբից: