Շեֆը․ ռուսաստանցի ռեստորանատերն այն մասին, թե ինչով է զարմացրել հայերին և ինչից է զարմացել

Եթե ճիշտ թիմ ես հավաքել և չես ստիպում նրանց աշխատանքային ժամից դուրս աշխատել «շնորհակալության» դիմաց, գործը կարող է առաջ գնալ։ Մի վերապահումով․ պետք է հետևել կովկասյան խառնվածքին։
Sputnik
Ռեստորանային բիզնեսը Երևանում կարող է իրեն ավելի վատ զգալ, քան ռուսական խոշոր քաղաքներում, գլխավորը աշխատակիցներին մոտիվացնելն է, կարծում է ռեստորատոր Վյաչեսլավ Խրամուշինը, որը Երևանում աշխատում է ավելի քան մեկ տարի և քաղաքի կենտրոնում գտնվող խոշոր ռեստորան է ղեկավարում:
«Անցյալ տարի ձմեռային տոներին փողոցներում ու հրապարակներում ամենուր ռուս դեմքեր էին, իսկ այս տարի գրեթե 90 տոկոսը հնդիկներ են։ Ամեն ինչ պարզ է. Երևանն առանց այդ էլ էժան քաղաք չէ, ռուբլու փոխարժեքն էլ նվազեց, և ռուսների համար գները բարձրացան։ Այս ամենը հասկանալի է, բայց, օրինակ, մարտի 8-ին իմ անձնակազմը թեյավճարներից հավաքել է․․․ չասեմ, թե որքան, բայց հավատացեք՝ բավարար հաճախորդներ կան թե՛ տոներին, թե՛ սովորական օրերին»,-նշեց նա։

Այսրոպեական տրամադրության ազդեցությամբ

Հակառակ մեր պատկերացումներին՝ Հայաստանում աշխատակիցներին պակաս դիվանագիտորեն են իրարից «խլում», քան Ռուսաստանում։ Այսինքն՝ բաց և ճակատային։
«Այստեղ դա այնքան ուղիղ է արվում, որ ես ստիպված էի մի քանի անգամ զանգահարել և խնդրել հասարակ բիզնես էթիկա պահպանել»,-ավելացրեց Խրամուշինը:
Հայաստանում աշխատակիցներն առհասարակ ավելի զգացմունքային են վերաբերվում աշխատանքին, այդ պատճառով ավելի հակված են փոխել այն, եթե որևէ բան դուր չի գալիս։ Այլ հարց է, որ հարևանի այգում խոտը ոչ միշտ է ավելի կանաչ, բայց զգացմունքների ազդեցության տակ այդ մասին ոչ միշտ են մտածում, ավելացնում է Վյաչեսլավը։
Վյաչեսլավ Խրամուշին
Նա հիշում է, թե ինչպես այսրոպեական տրամադրության ազդեցության տակ ռեստորանի բացումից մեկ օր առաջ միանգամից չորս մարդ հեռացան։ Սկզբում երկուսը սկանդալ սարքեցին, ամեն ինչ թողեցին ու գնացին։ Տեսածի ազդեցության տակ նրանց հետևից գնացին ևս երկուսը՝ երևի որոշելով, որ չեն կարող նման «գժանոցում» աշխատել։
«Հինգ րոպեում չորս մարդ կորցրի, ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես նույնիսկ չհասցրեցի վերահսկել վիճակը: Կրկնում եմ՝ սա որևէ մեկին վիրավորելու համար չեմ ասում, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր հասարակություն իր առանձնահատկություններն ունի։ Միշտ չէ, որ ամեն ինչ այնքան լուրջ է, որքան թվում է: Առաջին օրերին, օրինակ, ինձ հաճախ թվում էր, թե շրջապատի մարդիկ ուր որ է՝ կկռվեն, իսկ նրանք պարզապես ինչ-որ բան էին աշխույժ քննարկում»,-նշում է նա։
Մյուս կողմից, Հայաստանի ռեստորանատերերը մեծ ուշադրությամբ են մոտենում ռեստորանային կենցաղի մանրուքներին. ինչպես տպիչը դնել մետաղական տուփի մեջ, որպեսզի խոհանոցից եկող գոլորշուց չփչանա, կամ որտեղ դնել հյութերի արկղերը, որ ոչ ոք չդիպչի և ընկնի։

Շեֆը

Հաջորդ նկատառումը, ասում է Խրամուշինը, նույնպես մեծ արժանահավատության հավակնություններ չունի, պարզապես անձնական տպավորություններից է կազմված։ Շատ հաստատություններում ընդունված է միանձնյա ղեկավարումը, որտեղ շեֆը գրեթե բռնապետ է։
«Գուցե դա է պահանջում այստեղի մտածելակերպը, չգիտեմ, բայց ես այդպես չեմ անում։ Իմ աշխատողների համար անակնկալ է դառնում, երբ նրանք հասկանում են, որ ինչ-որ խնդրի դեպքում իրենք շեֆից, առավել ևս՝ ռուս շեֆից, նեգատիվ կամ գոռոցներ չեն ստանա։ Այո, որոշ աշխատողներ ինձ այդպես էլ ասացին»,-ժպտում է Վյաչեսլավը։
Մյուս հարցը, որին թիմը շատ դրական է արձագանքում, բոնուսներն են աշխատավայրում լրացուցիչ ժամերի համար: Այս հարցում Խրամուշինը նույնպես չի պնդում, որ այլ ռեստորաններում մատուցողներից պահանջում են աշխատանքային ժամից դուրս աշխատել «շնորհակալության» դիմաց, բայց իր օրինակով կարող է հավաստիացնել, որ նման դեպքերում հավելավճարը լիովին փոխում է մոտիվացիան, և դա միանգամայն բնական է:
«Վերադառնալով մարտի 8-ի պատմությանը. հաջորդ օրը տղաները հրաժարվեցին հանգստյան օրից, ասացին. «Վյաչեսլավ, դու հանգստացիր, իսկ մենք սովորականի պես կաշխատենք»։ Այնպես որ, բավական է պարզապես մարդուն ցույց տալ, որ նրա աշխատանքից ուղղակիորեն կախված է նրա եկամուտը»,-նշում է նա։

«Ամեն ինչում նա է մեղավոր»

Թեև Հայաստանում նույնպես քիչ չեն խմում, սակայն Վյաչեսլավը նշում է, որ Ռուսաստանի ռեստորանների համեմատ, որոնք ինքը ղեկավարել է, այստեղ իրեն շատ ավելի հանգիստ է զգում հարբած միջադեպերի առումով։
«Սա, նորից, որևէ մեկին վիրավորելու համար չէ, ոչ էլ ընդհանրացնելու համար է, թե որ երկրում որքան են խմում, բայց Սոչիի ռեստորանում, որտեղ ես առաջ աշխատում էի, այցելուների մի որոշակի տոկոս որպես կանոն համապատասխան վիճակում էր։ Գումարած՝ շոգը, խոնավությունը, «հանգստանանք այնպես, որ հիշենք» ցանկությունը, և կարող եք պատկերացնել, թե որքան լարված էր մենեջերը ամեն երեկո։ Այստեղ ես դրա մասին չեմ էլ մտածում»,-նշում է նա։

Եվ երկու խոսք լեզվի մասին

Հայաստան եկած ռուսաստանցիների մեծ մասը փորձում են հայերեն սովորել. ոմանք՝ հետաքրքրությունից, ուրիշները՝ փորձելով ավելի լավ ճանաչել երկիրը։ Վյաչեսլավը դա անհրաժեշտություն է համարում (հաշվի առնելով, որ հաճախորդների հետ ամեն դեպքում ավելի լավ է նրանք մայրենի լեզվով խոսել)։
Այստեղ նա նույն «գանգատն» ունի, ինչ և բազմաթիվ այլ ռուսներ․ նրանց հետ զրուցելիս տեղացիների մեծ մասը պատրաստակամորեն անցնում են ռուսերենի։ Բայց լեզուն սովորելու ցանկությունը դրանից չի նվազում։