Բիենալե, որ դարձավ ճակատագրական
1961 թվականին քանդակագործ Արա Հարությունյանը մեկնում է Իտալիայի Կարարա քաղաք` մասնակցելու բիենալեի, որտեղ էլ տեսնում է Հավանայում գտնվող Հիսուս Քրիստոսի հսկա արձանի կրկնօրինակի մարմարե բեկորները։ Այն քանդակել էր հենց օրիգինալ արձանի հեղինակ Խիլմա Մադերան։ Քանդակել էր գլուխը, ձեռքերը ու ինչ-ինչ պատճառներով դրանք թողել էր կիսատ։
Մեկ տարի անց Երևանը և Կարարան պաշտոնապես դառնում են քույր քաղաքներ։ Կարարայի քաղաքապետը հիշելով հայ քանդակագործի հետաքրքրությունը՝ որոշում է ի նշան բարեկամության Երևան ուղարկել Քրիստոսի արձանի ձեռքերի կրկնօրինակը։
Արդեն Երևանում քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը Արա Հարությունյանին հանձնարարում է դրանցից ստեղծել նոր արձան, նոր իմաստով, քանի որ խորհրդային տարիներին չէին կարող բարձրաձայնել, որ այդ ձեռքերը Քրիստոսի արձանի համար են։
«Արա Հարությունյանը գտնում է մի հիասքանչ լուծում, ստեղծում է բարեկամության խորհրդանիշ` դնելով մի ափը մյուս ափի մեջ։ Այսինքն` նոր հորինվածք է ստեղծում, նոր գաղափար, որը պետք է խորհրդանշեր Իտալիայի և Հայաստանի միջև բարեկամությունը»,– պատմում է Արա Հարությունյանի դուստրը` Սուսաննա Հարությունյանը։
Տարիների ընթացքում, սակայն, այս արձանին տարբեր իմաստային լուծումներ են տվել։ Արա Հարությունյանի դուստրն ասում է` ինչ տարբերակ ասես չի լսել` բանվորների ձեռքերից մինչ սիրահարների ձեռքեր։
«Բարեկամության ձեռքեր» արձանը Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
«Հանրահայտ աշխատանքները միշտ էլ լեգենդներ են ունենում, գուցե ինֆորմացիայի պակասից է, գուցե զուտ ժողովրդի ֆանտազիան է, բայց երևի սա լավ նշան է։ Այնքան են սիրում աշխատանքը, որ նրա շուրջ պատմությունները միշտ թարմ են մնում»,– ասում է նա։
Հիսուս Քրիստոսի արձանը Կուբայում
Հիսուս Քրիստոսի արձանը Հավանայում քանդակել է կուբացի հայտնի կին քանդակագործ Խիլմա Մադերան Կուբայի նախագահ (1940-1944թթ․) Ֆուլխենսիո Բատիստայի կնոջ` Մարթա Բատիստայի պատվերով։
1950թ.–ի սեպտեմբերի 13-ին, երիտասարդ հեղափոխականների զինված մի խումբ մահափորձ է կազմակերպում Բատիստայի դեմ։ Հարձակումը տեղի է ունենում նրա կնոջ ներկայությամբ, որն ահաբեկված աղոթք է հղում առ Աստված և խոստանում` եթե ամուսինը փրկվի, կկանգնեցնի Հիսուսի արձանը ի նշան երախտագիտության: Բռնապետը փրկվում է, ու Մարթա Բատիստան իրականացնում է խոստումը։
Խիլմա Մադերան մոտ 18 ամսում կերտում է Քրիստոսի արձանըՙ կերպարի վրա աշխատելով օրական 16 ժամ: Արդյունքում շուրջ 600 տոննա կշող մարմարից նա ստեղծում է Հիսուս Քրիստոսի 320 տոննա կշռող և 20 մետր բարձրությամբ արձանը:
«Բարեկամության ձեռքեր» արձանը Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
Իսկ Իտալիայում քանդակագործը, ամենայն հավանականությամբ, սկսել էր քանդակել արձանի կրկնօրինակը։ Հստակ տեղեկություններ այս մասին չկան։ Կա վարկած նաև, որ դրանք ոչ թե կրկնօրինակի, այլ բնօրինակ արձանի չստացված մասերն են։
1959 թ. հունվարին, Կուբայում հաղթանակած հեղափոխությունից հետո, իշխանության եկած Ֆիդել Կաստրոն որոշում է պահպանել արձանը՝ ասելով. «Նա եկել է ինձ հետ։ Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի»։
Ջրի նման երկար, հավերժ ու զուլալ բարեկամություն
Երևանը Կարարայի նվերը որոշում է «անպատասխան չթողնել» ու նվիրել քանդակ` հայկական տուֆից։ Կրկին Գրիգոր Հասրաթյանի պատվերով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը ստեղծում են «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը։
«Որոշվեց ստեղծել աղբյուր–հուշարձան, որ բարեկամությունը ջրի նման երկար, հավերժ ու զուլալ լինի»,– ասում է Սուսաննա Հարությունյանը։
Հուշարձանը մինչև այսօր գտնվում է Կարարայում, իսկ դրա կրկնօրինակը՝ Երևանի Օղակաձև այգում` Բարեկամության ձեռքերի գրեթե հարևանությամբ։