ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրաքը Թուրքիային կներկայացնի սահմանների անվտանգության և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ակտիվիստների դեմ պայքարի մասին հուշագրի նախագիծ։ Պաշտոնական Անկարան արգելել է ՔԱԿ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն։ Տեղեկությունը հաղորդում է IHA-ն՝ հղում անելով իրաքցի անանուն պաշտոնյային:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ Անկարան ակնկալում է Իրաքի հետ «շրջանակային համաձայնագիր» ստորագրել, այդ թվում անվտանգության հարցերով։ Այն պետք է պատրաստ լինի մինչև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլին Բաղդադ կատարելիք այցը:
Նրա խոսքով՝ Բաղդադն Անկարային խոստացել է սահմանին համատեղ գործողություններ իրականացնել, Թուրքիան ակնկալում է, որ իրաքյան կողմը ՔԱԿ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն կճանաչի:
«Թուրքիայի և Իրաքի միջև ստեղծված համատեղ մշտական կոմիտեի իրաքցի պաշտոնյայի հայտարարության մեջ նշվում է, որ սահմանների անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը ներառում է սահմանների անվտանգության և ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցերը, պատրաստվել է և կներկայացվի Թուրքիային», – նշված է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ֆիդանը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տնօրեն Իբրահիմ Քալընի ուղեկցությամբ այցելել էր Բաղդադ՝ անվտանգության հարցերով բարձր մակարդակի պատվիրակության կազմում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ԶՈւ-ն մտադիր է ամռանը լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում: