Դանակահարություններ Երևանում. 2 անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Շտապօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Դեպքի առողջությանը վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանում այսօր դանակահարություններ են տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Բաշինջաղյան 142/2 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ կան դանակահարված քաղաքացիներ։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաների վրա նույնպես եղել են արնանման հետքեր։
Մինչ պարեկները սահմանազատել են տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Ժիրայր Ա․-ն է։ Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ այլ քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 28-ամյա Սուրեն Հ․-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առողջությանը վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։