Այսօր Հայաստանյաց առաքելական եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ։ Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր։ Սուրբ ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել:
Այսօր, ըստ հատուկ արարողակարգի, վառվեցին եկեղեցիների ջահերն ու կանթեղները, վառվող մոմեր բաժանվեցին ժողովրդին։
Հայոց կեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ հարության նախատոնակներին: Վերջում ներկաները խորանի կանթեղից վառում են մոմերը և իրենց հետ տուն տանում՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով:
Ճրագալույցի պատարագով եզրափակվում է 50 օր տևած Մեծ պահքը, և տրվում է Սուրբ հարության ավետիսը․ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: