ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Տաջիկստանն ակտիվացրել է աշխատանքային միգրանտների հետ բացատրական աշխատանքները՝ ծայրահեղական կազմակերպություններում նրանց ներգրավվածությունը կանխելու համար։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հաղորդել է Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի և բնակչության զբաղվածության փոխնախարար Շահնոզա Նոդիրին։
Փոխնախարարը նշել է, որ աշխատանք միշտ է տարվել, բայց ուժեղացվել է Մերձմոսկվայում կատարված ահաբեկչությունից հետո։
«Հատկապես հիմա, երբ ծայրահեղականներն ակտիվորեն օգտագործում են տարբեր սոցիալական ցանցերը՝ աշխատանքային միգրանտներին հավաքագրելու համար», - ասել է Նոդիրին։
Նրա խոսքով՝ արձանագրվում են նաև բողոքներ օրինականորեն աշխատող միգրանտների հանդեպ կանխակալ վերաբերմունքի և վիրավորանքների վերաբերյալ։ Փոխնախարարը նշել է, որ ներկա իրավիճակում շատ կարևոր է պայքարել ոչ թե միգրանտների, այլ հանցագործների դեմ։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: