ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում խարդախության նոր տեսակ է ի հայտ եկել և տարածվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ-ն՝ կոչ անելով զգույշ լինել հերթական խաբեության զոհը չդառնալու համար։
Նշվում է, որ հայկական հեռախոսահամարներից SMS հաղորդագրություններ են ուղարկում` մարդկանց առաջարակելով աշխատանք՝ օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտով։
Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ SMS հաղորդագրության հասցեատիրոջն առաջարկվում է ծախսել 3-5 րոպե՝ դիմումաձևում տվյալները լրացնելու համար։ Նշվում է՝ իբրև թե աշխատանքը տնից է, հեռախոսով, շատ ժամանակ չի խլելու, փոխարենը եկամտաբեր է։
Գայթակղիչ առաջարկի հետևում խարդախություն է։
«Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ»,- զգուշացնում են ՆԳՆ-ից։
Նշվում է, որ վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգ են ստացել այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալու մասին։
ՆԳՆ-ից կոչ են անում զգույշ լինել և նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252 հեռախոսահամարով։