Արարատի մարզի Արմաշ գյուղը երկու շաբաթ առաջ վերածվեց Մարս մոլորակի հետազոտությունների կենտրոնի: Այստեղ անալոգային տիեզերակայան տեղակայվեց, որտեղ վեց անալոգային տիեզերագնացներ լիակատար մեկուսացման պայմաններում գիտական հետազոտություններ և փորձեր են անցկացնում։
Անալոգային տիեզերակայան
© Sputnik / Laura Sarkisian
Կայանից ընդամենը հինգ հարյուր մետրի վրա արագ արձագանքման կենտրոնն է, որտեղ «Իրական դպրոց» փորձարարական ուսումնարանի սաները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Նրանք տարածքի մշտադիտարկումն իրականացնում են տեսահսկման համակարգի միջոցով և անհրաժեշտության դեպքում պատրաստ են տիեզերագնացներին օգնություն ցուցաբերել հենց տեղում:
Արագ արձագանքման կենտրոն
© Sputnik / Laura Sarkisian
«Իրական դպրոց»-ի մանկավարժ Մանուկ Հարությունյանը Sputnik Արմենիային պատմեց, որ տեղի բնակիչները հաճախ են փորձում մոտենալ կայարանին, բայց դա հնարավոր չէ խիստ մեկուսացման պատճառով։
Արագ արձագանքման կենտրոնի աշխատակիցներ
© Sputnik / Laura Sarkisian
Դպրոցի աշակերտները ոչ միայն բացատրական աշխատանքներ են տանում բնակչության հետ, այլև քշում են սարերից իջնող կենդանիներին:
«Անալոգային տիեզերագնացների հետ ռացիայով ենք շփվում։ Եթե տիեզերագնացներից մեկը վատ զգա, մեր խնդիրն է՝ իսկույն գյուղից կանչել հերթապահ բժիշկներին»,- նշեց Հարությունյանը։
Մանուկ Հարությունյան
© Sputnik / Laura Sarkisian
Հայաստանը որպես անալոգային տիեզերակայանի փորձարկման վայր ընտրելը պատահական չէ.տարածաշրջանի լանդշաֆտը զարմանալիորեն նման է Մարսի մակերեսին:
AMADEE-24 հայաստանյան առաքելության նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց կայանի կառուցվածքի մասին։ Այն բաժանված է մասնագիտացված մոդուլների՝ քնի և հանգստի գոտիներ, ուսումնական և հետազոտական տարածքներ։
Հայկ Ասլանյան
© Sputnik / Laura Sarkisian
«Մենք բոլոր պայմանները ստեղծել ենք, որպեսզի անալոգային տիեզերագնացները կարողանան ոչ միայն չորս շաբաթ շարունակ ապրել և հանգստանալ, այլև փորձեր անցկացնել: Ընդ որում` մենք հաշվի ենք առել նախորդ փորձարկումների շրջանակներում մոդուլային կայանների կառուցման ժամանակ թույլ տրված սխալները»,-բացատրում է Ասլանյանը։
Նա ընդգծում է Երկրի վրա Մարսի պայմանների մոդելավորման բարդությունը և այդ առաքելության կարևորությունը Հայաստանի համար՝ որպես քայլ դեպի գիտական նշանակալի նվաճումներ։
Ասլանյանի խոսքով՝ առաքելության ավարտից հետո կայանը ոչ միայն չի ապամոնտաժվի, այլև հիմք կդառնա նոր լաբորատորիայի ստեղծման համար: Ապագայում նման նախագծերը կնպաստեն տիեզերական արդյունաբերության զարգացմանը։ Արդեն ծրագրեր կան Հայաստանում ընդլայնված լաբորատոր հնարավորություններով երկրորդ կայանի ստեղծման վերաբերյալ:
Բացի այդ, ՀՀ–ն պատրաստվում է լայնածավալ անալոգային համաժողով կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերին, որի ընթացքում նմանատիպ բազաներ ունեցող երկրները համաժամանակյա փորձարկումներ կանցկացնեն։
AMADEE-24 առաքելության ծրագրի հայկական կողմի ղեկավար Գայանե Հակոբյանը պատմեց, որ անալոգային կայանում պայմանները առավելագույնս մոտեցված են Մարսի կայաններին:
Գայանե Հակոբյան
© Sputnik / Laura Sarkisian
Առաքելության աջակցության կենտրոնի հետ (գտնվում է Վիեննայում) կապն իրականացվում է 10 րոպե արհեստական ուշացումով՝ ընդօրինակելով Երկրի և Կարմիր մոլորակի միջև իրական հեռավորությունը: Տիեզերագնացներին մոտենալն արգելված է, իսկ արտակարգ դեպքերում հնարավոր է տարհանման հրաման։
Աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 7-ին և ավարտվում է 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, իսկ օպերատիվ կենտրոնը գործում է շուրջօրյա ռեժիմով: Առաքելության շրջանակում իրականացվում է 15 փորձարկում, որոնցից մի քանիսը`անմիջապես կայանում, իսկ մյուսները՝ Երկրի վրա:
«Տիեզերագնացներն այս պահին կայանում միկրոկանաչներ են աճեցնում։ Հողի վրա փորձեր անելու համար նրանք կայանից հեռանում են միայն Մարսի կոստյումների նախատիպերով: Նախքան գետնին ոտք դնելը նրանք սկաֆանդրներով անցնում են «մթնոլորտային դարպասով»,- պարզաբանեց Հակոբյանը։
Ամենադժվարը 50–կիլոգրամանոց տիեզերական կոստյում հագնելն է, որը հարմարեցված է Մարսի ջերմաստիճաններին՝ -133-ից մինչև +27 աստիճան: Գործընթացն ընդհանուր առմամբ մոտ երեք ժամ է տևում։
«Հողի վրա» փորձերը վերաբերում են ռոբոտաշինությանն ու երկրաբանությանը, հողի նմուշներ հավաքելու համար անօդաչու թռչող սարքեր և մարսագնացներ են ներգրավվում:
Տիեզերագնացների անվտանգության և տեխսպասարկման պատասխանատուն Ցամաքային գործողությունների աջակցության խումբն է (ՑԳԱԽ), որը պատրաստ է ցանկացած վերանորոգման՝ առանց անձնակազմի հետ անմիջական շփման: Փորձերն ավարտելուց հետո տիեզերագնացները վերադառնում են կայան, իսկ ՑԳԱԽ-ն ապամոնտաժում է սարքավորումները։
Հակոբյանը հայտնեց, որ Վիեննայում վերապատրաստվում են հայ մասնագետները։ Վերադառնալուց հետո նրանք կներգրավվեն կառավարման նոր կենտրոնի մշակման գործում, իսկ հեռանկարում՝ սկսել աշխատել հայկական սկաֆանդրի ստեղծման ուղղությամբ։
ՑԳԱԽ-ի մասնագետները
Ցամաքային գործողությունների աջակցության խմբի ներկայացուցիչ Լուկաս Պլասովնիկը կարևորում է Հայաստանում առաքելության իրականացումը: Նա նշում է, որ եզակի ռելիեֆը և փոփոխական եղանակային պայմանները հնարավորություն են տալիս կիրառելու այնպիսի սցենարներ, որոնց կարող է թիմը բախվել Մարսի վրա:
Լուկաս Պլասովնիկ
© Sputnik / Laura Sarkisian
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց այդ տվյալների նշանակությունը առաքելության համար՝ բացատրելով, որ դրանք օգնում են գնահատել հնարավոր ռիսկերը Մարսի վրա վայրէջքի ժամանակ, որտեղ կարելի է հանդիպել թե՛ շոգի, թե՛ քամու։
Աջակցության խմբի ներկայացուցիչ Սայմոն Ջուսները խոստովանեց, որ գոհ է ստացած փորձից: Նա ընդգծեց, որ չնայած ռելիեֆի և տեղանքի բարդությանը, հենց այս պայմաններն են եզակի հնարավորություն ընձեռել փորձարկելու ռոբոտային համակարգը և գնահատելու դրա աշխատունակությունը նման իրավիճակներում:
Սայմոն Ջուսներ
© Sputnik / Laura Sarkisian
«Այս բոլոր գիտելիքներն ու փորձն անհրաժեշտ են Մարսի վրա վայրէջք կատարելու ճանապարհին հետագա քայլերի համար»,-ասաց նա:
Երկրի վրա տիեզերագնացները փորձարկում են մարսագնացին, իսկ մասնագետները համակողմանիորեն փորձարկում են սարքավորումներում օգտագործվող նյութերը, վերլուծում և հայտնաբերում համակարգերի ցանկացած թերություն: Սիմուլյացիայի գործընթացում հայտնաբերված և վերացված յուրաքանչյուր թերություն հսկայական նշանակություն ունի, քանի որ այն կարող է փրկել տիեզերագնացների կյանքը իրական տիեզերական առաքելությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ սա OeWF-ի 14-րդ սիմուլյացիան է։ 2013թ․-ին նմանատիպ առաքելություն իրականացվել է Մարոկկոյում, 2015-ին՝ Ավստրիայում, 2018-ին՝ Օմանում, 2021-ին՝ Իսրայելի Նեգև անապատում:
Նախագիծը միավորում է ավելի քան 200 գիտնականի 26 երկրից: Հետազոտողների թիմը Հայաստանում կաշխատի մինչև ապրիլի 5-ը: