Ոչ թե վտարանդի կառավարությունը, այլ մեկ մարդ է սպառնալիք ՀՀ ազգային շահերի համար. դեսպան

Ձյունիկ Աղաջանյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով` ահաբեկման լեզուն այսօր միակ գործիքն է ՀՀ գործող իշխանությունների ձեռքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ոչ թե վտարանդի կառավարությունը, այլ ընդամենը մեկ մարդ է սպառնալիք ՀՀ ազգային շահերի համար, որն այսօր ՀՀ կառավարության ղեկին է ու աջուձախ հանձնում է մեր պետությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին` ուղղված Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շահրամանյանը, «Le Figaro» պարբերականի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե գոյություն ունի արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, ասել էր․ «Այո՛, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները»: Ի պատասխան Փաշինյանը գործադիր մարմնի նիստի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ–ում կա մեկ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Նա նշել էր, որ ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ–ի համար, անվտանգության համար։
«Ես ողջունում եմ Շահրամանյանի` վտարանդի կառավարության մասին ի վերջո բացահայտ, աներկբա հաստատումը։ Դա շատ երկար սպասված էր։ Դա շատ կօգնի բոլոր այն անձանց, որոնք միտք չունեն կուլ տալու թրքաադրբեջանական խայծը և համարելու, որ ուժի սպառնալիքով և էթնիկ զտման միջոցով, ցեղասպանական գործողության արդյունքում հնարավոր է Արցախի հարցը փակել։ Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Արցախի հիմնախնդիրը կա ու շարունակելու է գոյություն ունենալ, նրանց համար այս հաստատումը լրացուցիչ մի լծակ է` արտաքին մեր դաշնակիցների, բարեկամների հետ խնդիրն առաջ տանելու, քանի որ միջազգային իրավունքի տեսակետից սա դեռևս մեծ լուծումների է սպասում»,– ընդգծեց դեսպանը։
Նա հավելեց` քանի որ 2023 թվականի վերջին տարաձայնություններ կային Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, դրա օրինականության, Արցախի ղեկավարության գործունեության շուրջ, շատերը սկսեցին կոչ անել, որ Արցախի ղեկավարությունը պետք է շարունակի աշխատել ու պետք է առաջ տանել Արցախի Հանրապետության դատը` ապագայում այդ խնդիրը ինչ–որ կերպ լուծելու հեռանկարը աչքի առաջ ունենալով։ Աղաջանյանի համոզմամբ` այդ առումով շատ էական է, որ ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախ պետությունը և այդ պետության իրավական, օրինական մեխանիզմներով ձևավորած կառավարությունը շարունակեն գործել` անկախ քաղաքական հանգամանքներից։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները չեն կարող որևէ կերպ մեղադրել Արցախի ղեկավարությանը, քանի որ նրանք իրենց համաձայնությամբ ու մասնակցությամբ իրականացրել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, Արցախի հարցի փակումը ըստ Ադրբեջանի քմահաճույքների։ «Ահաբեկման լեզուն այսօր միակ գործիքն է այս իշխանությունների ձեռքին, սակայն տեսնում ենք նաև, որ ժողովրդի մեջ ներքին դիմադրողականություն է ձևավորվում, որը ջարդելուն իշխանությունները լիարժեքորեն լծվել են 44–օրյա պատերազմից հետո` օգտվելով մեր հանրության շոկային վիճակից»,– շեշտեց Աղաջանյանը։
Ըստ նրա` մենք հիմա ունենք մի վախվորած իշխանություն, որը ենթադրում է, թե իր կամակատար ու պարտվողական քաղաքականությամբ կկարողանա ապահովության ինչ–որ գոտի ստեղծել այն դեպքում, երբ գործ ունենք երկու գիշատիչ պետության` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որոնք բացարձակապես պայմանագրաունակ չեն, կարող են այսօր մի բան ասել, հաջորդ վայրկյանին` այլ բան։
«Վտարանդի կառավարությունը ՀՀ ազգային շահերին սպառնալիք չէ, հակառակը` մեր ազգային շահերին ու հեռանկարին ուղղված քայլ է։ Մենք ՀՀ–ին սպառնացող ընդամենը մեկ անձնավորություն ունենք, որը, ցավոք, այսօր նստած է ՀՀ կառավարության ղեկին ու աջուձախ բանավոր ու գրավոր խոստումներով հանձնում է մեր պետությունը, մեր ազգային շահերը ոտնակոխ անում։ Այս կառավարությունն անցողիկ է, ու, ցավոք, նրա թողած ավերը մենք դեռ շատ եկար պետք է տանենք ու փորձենք այդ ավերակներից ոտքի կանգնել, պետությունը վերականգնել և պետության շահերից բխող քաղաքականություն իրականացնել»,– նշեց արտակարգ և լիազոր դեսպանը։
Աղաջանյանը կասկած չունի, որ ՀՀ այս իշխանությունը սպասարկում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը ու ձգտում է մեր տարածաշրջանը զետեղել ՆԱՏՕ–ի հովանու ներքո։
«Մենք հասել ենք մի կետի, երբ մեր պետության ղեկին նստած անձինք իրականացնում են օտարի ծրագիրը` ի վնաս սեփական պետության, ժողովրդի թե՛ ներկայիս, թե՛ պատմական շահերի»,– նկատեց Աղաջանյանը։
ՀՀ իշխանությունները ըստ էության պատճառաբանում են, թե իրենց քաղաքականությունը բխում է աշխարհաքաղաքական, միջազգային իրավիճակից ու պետք է հարմարվել դրան։ Դեսպանը տրամագծորեն հակառակ կարծիք ունի` եթե հարմարվում ես միջազգային իրավիճակին, ոչ թե փորձում ես սեփական երկիրը դրա վտանգներից պատնեշել ու ընձեռած հնարավորություններից էլ օգտվել, ապա քո պետությունն այնքան հեղհեղուկ ու ամորֆ ես դարձնում, որ ով ուզենա, կարող է վրայով անցնել, մասնատել, ու վերջում ուղղակի պետություն չի լինի։