ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. 2027թ–ին ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա գրել է, որ քիչ առաջ նման որոշում է կայացրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։
«Քիչ առաջ ներկայացրի մեր հայտը, որը համարվեց լավագույնը և անխոս առաջատարը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում»,– գրել է նա:
Նա հիշեցրել է 2023-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպն ու ասել, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով ու հենց դրա համար էլ 2024-ի աշխարհի առաջնությունը տեղի չունեցավ Երևանում։
«Բայց ամիսներ տևած մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ խնդիրն էլ կարող ենք համարել լուծված»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ծանրամարտի 2023թ–ի Եվրոպայի առաջնությունը տեղի էր ունենում Երևանում։ Բացման արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը դրոշակակիրից խլել է Ադրբեջանի դրոշը և այրել այն։ Նրան բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն ավելի ուշ ազատ են արձակել: