ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար, և տարածաշրջանում ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ մասին է խոսում։ Այս մասին 24News–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք միշտ կարծել ենք և այդ մասին հրապարակավ ասել` կարևոր է, որպեսզի հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում` Ղարաբաղում։ Դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ինձ համար դա ապացույցն է այն բանի, որ այդ հարցը չի հանվում։ Ղարաբաղի այն հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Ինչպես ես եմ հասկանում, ադրբեջանական կողմն այդ իրավունքը չի մերժում»,– ասել է դեսպանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։