ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. քաղաքագետ

Մաքսիմ Վասկովը Երևանում
ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից պահանջելու է որակապես վերանայել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Եվրամիության հետ չափազանց սերտ մերձեցումը Հայաստանի համար հղի է որոշակի «տույժերով»։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ բրյուսելյան պաշտոնյաների ներկայիս հետաքրքրությունը առավելապես պայմանավորված է նրանով, որ Երևանը տարածաշրջանում Մոսկվայի դաշնակիցն է։
«Քանի դեռ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այն շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար, քան եթե Երևանն ամբողջությամբ խզի հարաբերությունները Մոսկվայի հետ։ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման դեպքում ԵՄ-ն Հայաստանին ինչ-որ հատուկ պայմաններ չի տրամադրի, օրինակ, նույն առևտրատնտեսական ոլորտում»,-ասել է փորձագետը։
Բացի այդ, ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների որակական վերանայում կպահանջի։ Արդյոք Եվրամիությունը կփոխհատուցի այդ տնտեսական, քաղաքական ծախսերը՝ փորձագետը կասկածում է։
Միաժամանակ, Վասկովն այնպիսի հարցեր չի տեսնում, որոնք այսօր հնարավոր չէր լինի լուծել Հայաստանի և Ռուսաստանի միջև անկեղծ երկխոսության դեպքում:
Վերջին շրջանում Երևանի կողմից ավելի ու ավելի հաճախ է բարձր մակարդակի հակառուսական հռետորաբանություն հնչում։ Մեղադրանքները կապված են Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ակնկալիքների հետ։ Հայաստանի իշխանությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը բացատրում են բոլոր մակարդակներում դիվերսիֆիկացմամբ։ Մոսկվան հայտարարում է, որ միշտ բաց է երկխոսության համար, բայց տեղյակ է, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին։
Թուրքական հավակնությունները շարունակում են վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար. քաղաքագետ