Գնդապետ Թիմուր Մյասնիկովը զոհվել է «Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով

Տիմուր Մյասնիկովը ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակներում էր, նրան երեք փամփուշտ էր դիպել, և կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հատուկ նշանակության ջոկատի գնդապետ Թիմուր Մյասնիկովը մահացել է հիվանդանոցում՝ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստացած վնասվածքներից:
Նա հասցրել է ահաբեկիչների կրակից փրկել կնոջն ու որդուն՝ նրանց անվտանգ վայր հրելով և կրակն իր վրա վերցնելով, «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում պատմել է «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության Սամարայի մասնաճյուղի ղեկավար Արթուր Մալիվանչուկը:
Թիմուր Մյասնիկովը
«Նրան երեք փամփուշտ է դիպել։ Մի քանի օր բժիշկները պայքարել են կյանքի համար, սակայն, ցավոք, փրկել չի հաջողվել»,-գրել է Մալիվանչուկը։
Մյասնիկովը կռվել է Կոսովոյում և Տաջիկստանում, իսկ վերջին երկու տարին անցկացրել է հատուկ գործողության գոտում, ունի մարտական շքանշաններ և մեդալներ։ Թիմուրը արձակուրդ էր եկել հատուկ ռազմական գործողության գոտուց և այդ օրը համերգի էր գնացել:
Օլեգ Շիխովցևը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության ժամանակ զոհվել է մերձմոսկովյան Լյուբերցիի ճանապարհային տնտեսության վարչության ղեկավար Օլեգ Շիխովցևը: Քաղաքի ղեկավար Վլադիմիր Վոլկովը պատմել է, որ 42-ամյա պաշտոնյան նույնպես իր մարմնով պաշտպանել է ընտանիքը։ Մահացածը երեք երեխա ուներ։
Եվս մեկ ռուսաստանցի՝ Վուգար Հուսեյնովը, ահաբեկիչների կրակն իր վրա է վերցրել, որպեսզի փրկի իր կնոջը՝ Լիլիթին, և ընկերոջ կնոջը։ Վուգարն ու Լիլիթը (ՀՀ քաղաքացի) մահացել են, ընկերոջ կինը ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է՝ գլխի ծանր վնասվածքով։
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ «Կրոկուսում» 18 տուժածների վիճակը շարունակում է ծանր մնալ:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 144 մարդ։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով տուժել է ավելի քան 150 մարդ: Ահաբեկչության բոլոր չորս կատարողները կալանավորված են, առայժմ երկու ամսով, կան նաև ձերբակալվածներ: Ուժայիններն աշխատում են ահաբեկիչներին օժանդակող բազան բացահայտելու ուղղությամբ։ ԱԴԾ-ի տվյալներով՝ զենքը, որը կիրառել են ահաբեկիչները, նախապես պատրաստվել է թաքստոցում։
«Կրոկուսի» ահաբեկիչները կապ են ունեցել ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ ՔԿ