ԵԱՏՄ երկրներում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024 թ-ի ավարտը

Սմարթֆոն
Նախատեսվում է, որ մինչև 2025 թ. առաջին եռամսյակ բոլոր միջոցառումները կիրականացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում միջազգային ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024 թ-ի ավարտը։ Այս մասին ասվել է մրցակցության և կապի ոլորտում խոչընդոտների վերացման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և բջջային կապի օպերատորների մասնակցությամբ:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հանձնաժողովի կողմից մշակված արդար կանոնների նախագիծը:
ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչի խոսքով` արդար ասելով հասկանում են «տնային» սակագնին մոտ գին:
Ըստ նրա` պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ բջջային օպերատորներն ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ՝ արտոնյալ սակագինը կարգավորելու համար։
Նախատեսվում է, որ տեխնիկական հարցերի համաձայնեցումից հետո կողմերը կհաստատեն ռոումինգային զանգերի և միջօպերատորական ռոումինգային սակագների նվազեցման կարգավորումները:
«Մենք ձգտում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ԵԱՏՄ պետությունների քաղաքացիները միության ցանկացած երկրում օգտվեն, այսպես կոչված, «տնային» սակագներով կապից։ Ընկերության «տնային» սակագների մակարդակը կորոշվի ինքնուրույն՝ հաշվի առնելով բջջային օպերատորների և սպառողների շահերի հավասարակշռությունը»,– նշել է Ալեքսեյ Սուշկևիչը։
Նշենք, որ 2021 թ. ԵՏՀ խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդար սակագների սահմանման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման միջոցառումների ծրագիրը: Նախատեսվում է, որ մինչև 2025 թ. առաջին եռամսյակ բոլոր միջոցառումները կիրականացվեն։
Ծրագիրը ներառում է խարդախության դեմ պայքարի, միջազգային ռոումինգային տրաֆիկի բաց թողնման ժամանակ կապի օպերատորների անմիջական փոխգործակցության ապահովման, ռոումինգում արդար սակագներով մատուցվող կապի ծառայությունների առավելագույն ծավալի որոշման համալիր միջոցառումներ և այլն: