«Դուք եք որոշել, որ ղարաբաղցիները քաղաքացի չեն»․ Լավրովը ՝ Պուտին-Փաշինյան զրույցի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի խոսակցության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՌԴ–ն միշտ էլ զբաղվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով, քանի որ դրա մասին խնդրել է Նիկոլ Փաշինյանը։ «Известия»–ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այդ հարցը, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, վերացել է, երբ Փաշինյանն անձամբ ստորագրել է, որ այդ տարածքն Ադրբեջանի մի մասն է։
«Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը հարցրեց Վլադիմիր Պուտինին` ինչո՞ւ թողեցիք ղարաբաղցիներին բախտի քմահաճույքին։ ՌԴ նախագահը պատասխանեց. «Կներեք, ի սեր Աստծո, Դուք էիք որոշել, որ նրանք այլևս (ձեր–խմբ) քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից», -պատմել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երբ Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում փաստաթուղթ ստորագրվեց այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջան է, Ռուսաստանին ոչ ոք չտեղեկացրեց։
«Պուտինը հերթական հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանին, որ մենք զարմացել ենք, որ նրանք այդպես են վարվել: Ոչ մի բացատրություն չեղավ»,–նշել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ինքը նույնպես շփվել է Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում և իրեն թվացել է, թե ՀՀ վարչապետը հասկանում է Հայաստանի օգուտները ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունից, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից, բայց քայլերն այլ բան են ցույց տվել։
«Հիմա հայ պաշտոնյաները և՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, և՛ խորհրդարանում ուղիղ ասում են, որ պետք է ավելի շատ ապավինել Եվրամիությանը, որ ՀԱՊԿ-ն իբր չի կատարում իր պարտավորությունները ՀՀ–ի առջև: Այսինքն, ըստ էության, փակվում է շրջանակը, և հայաստանյան ղեկավարությունում սկսում են արտահայտվել գաղափարներ, որոնք նման են այն գաղափարներին, որոնցով Փաշինյանը ձևավորում էր իր «Ելք» շարժումը»,– ասել է նա։
Լավրովը վստահ է, որ դա չի բխում հայ ժողովրդի ու նաև ՌԴ շահերից՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում բնակվող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսանկյունից։
ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ-ին․ Լավրով
Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` Արցախը։ Ավելի ուշ Փաշինյանը վերահաստատել է իր դիրքորոշումը 2023 թվականի մայիսին և հունիսին Բրյուսելում կայացած գագաթաժողովներին։
Պրահայի հռչակագրում մոռացել են գրել ԼՂ հայերի իրավունքների մասին. Լավրով
2023 թվականի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։