Ոչ մեկը չի հանձնում, մենք դեմարկացիա ենք անում. Ալեն Սիմոնյանը` Տավուշի մասին

Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության եթերում
ԱԺ նախագահը Ոսկեպարի հանձնման մասին խոսակցությունները անգրագիտություն անվանեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունները անգամ չեն քննարկում Ադրբեջանին որևէ տարածք զիջելու հարցը։ Այդ մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով Տավուշի մարզի գյուղերի վերաբերյալ հարցին։
«Մենք կռվելու ենք։ Ու եթե անգամ պարտվենք, ու դա իրենք այսպես թե այնպես վերցնեն, միևնույնն է` կռվելու ենք։ Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է»,– ասաց նա։
Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկն օրենքով իրավունք չունի որևէ մեկին որևէ բան հանձնել։
«Եկեք «հանձնել» բառը հանենք, ոչ մեկը ոչինչ չի տալիս, դեմարկացիա ենք անում, այսինքն` ճշգրտում ենք։ Արդյունքում ճշգրտվելու է մեր սահմանը»,– շեշտեց ԱԺ նախագահը։
Գյուղերի հանձնման մասին բոլոր խոսակցությունները նա ստոր շահարկում անվանեց, իսկ Ոսկեպարի հանձնման մասին խոսակցությունները` անգրագիտություն։
«Դրա օրինակը մենք ունենք, երբ խոսվում էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, մենք հստակ ասել ենք, որ եթե մեզ ինչ–որ բան պարտադրվի, մենք կռվելու ենք դրա համար։ Մենք կռվելու ենք մինչև վերջ»,– ասաց նա։
Նա վստահեցրեց, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց։
Սիմոնյանն ընդգծեց` սահմանազատումը սպառնալիքների տակ չի արվում, այն պետք է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Ոչ մեկը հող չի հանձնում. ԶՈւ ԳՇ պետը` Տավուշի գյուղերի մասին