Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Հայաստանի օդի ջերմաստիճանը կհասնի +20…+22 աստիճանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում, ցերեկային ժամերին կգրանցվի +20․․․+22 աստիճան»,–նշել է նա։
Նշենք, որ Հայաստանն արդեն երկու շաբաթ է` գտնվում է ցիկլոնի ազդեցության տակ։ Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, մի շարք շրջաններում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով։ Օդերևութաբանները զգուշացրել են ցրտահարության վտանգի մասին։