Պապիկյանը «Բաղրամյանում» ծանոթացել է ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Սուրեն Պապիկյան
Նախարարը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է զորախաղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով:
Պաշտպանության նախարարը և ԶՈւ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել են նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով:
ԶՈւ–ն շարունակում է կատարել իր խնդիրը․ Պապիկյանը պատասխանել է «անկլավների» մասին հարցին
Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին, ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարարն ընդգծել է ռազմարդյունաբերողների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զինված ուժերը նորարար և արդյունավետ զինատեսակներով համալրելու համար:
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարն օպերատիվ հավաքների մասնակից սպայակազմի հետ քննարկել է այս շաբաթ իրականացված համալիր միջոցառումները, ամփոփել քառօրյա հավաքները և տվել համապատասխան հանձնարարականներ: