ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նախնական ընդունել է «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործերով գանգատները: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա ֆեյսբուքյան էջում գրել է` գործնականում դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց կսկսվի կողմերին հարցեր ուղղելը:
«Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (հակակոռուպցիոն դատարանը իրավասու չի եղել քննելու մինչդատական վարույթի, այդ թվում՝ կալանքի, գործերը)»,– նշել է Աթանեսյանը։
Փաստաբանը հույս է հայտնել, որ մի օր արդարադատությունը կվերականգնվի, և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նրան քրեական պատասխանատվությունից ազատած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։