«Միասին» շարժումը ԱԺ ուժերից պահանջում է անվստահություն հայտնել Փաշինյանին

Պահանջագրին կից շարժման անդամները ներկայացրել են նաև «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ 3 խմբակցություններին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել։ Այս մասին նշված է շարժման տարածած պահանջագիր-հայտարարությունում:
Պահանջագրում ասվում է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։
Շարժման անդամները հիշյալ փաստաթղթում ամրագրված նպատակների և սկզբունքների խախտումների մի քանի օրինակ են ներկայացրել։ Մասնավորապես, բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։
«Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները ոչ միայն չեն կատարվել, այլև ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
«Շարժումը» հիշեցնում է, որ «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել էր, թե «շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին»։
«Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, արշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը և դրանից բխող հետևանքները»,- շեշտված է տեքստում։
Նույն փաստաթղթում՝ որպես կառավարության գլխավոր խնդիր հայտարարվել էր «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը» և ընդգծվել՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։
Եթե մեր պահանջը չկատարվի, կհաջորդեն անհնազանդության քայլեր. «Միասին» շարժման ղեկավար
Ըստ շարժման առաջնորդների՝ սրանից 1 տարի անց ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։
Պահանջագրին կցված է նաև «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը։ Դրանում համակարգված ներկայացված են նրա գործունեությունը բնորոշող փաստերը։ Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում են՝ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի և կարգի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։
«Միասին» շարժումը պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։ Պահանջագրում շեշտվում է, որ ԱԺ խմբակցություններից ակնկալում են հայտնել իրենց որոշման մասին մինչև ապրիլի 10-ը։