Լոլա Խոմյանցի շնորհիվ սիրեցի հայկական երաժշտությունը. Միխայիլ Շուֆուտինսկին Երևանում է

Միխայիլ Շուֆուտինսկի
ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկին երևանյան մենահամերգից առաջ պատմել է, թե ինչպես է սիրել հայկական երաժշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին երկար դադարից հետո կրկին Հայաստան է եկել։ Այսօր համերգից առաջ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ է կարոտել Երևանն ու Հայաստանը։
«Երբ դու գտնվում ես կյանքիդ երկրորդ կեսում, և այդ կեսն էլ արդեն կարող է ինչ-որ պահի ավարտվել, ուզում ես լինել այն վայրերում, որոնց հետ կապված լավ տպավորություններ և հիշողություններ ունես»,- ասաց երգիչը:
Շուֆուտինսկին նշեց, որ հյուրախաղերի ժամանակ արտիստները հաճախ նույնիսկ չեն հասցնում քնել, ելույթ են ունենում ու անմիջապես մեկնում մեկ այլ համերգի, ուստի քաղաքում զբոսնելու ժամանակ չի մնում։ Երևանում նա լավ գիտի Հանրապետության հրապարակը, քանի որ բազմիցս կանգ է առել այնտեղ։
Երգիչը պատմեց նաև, որ իր կյանքում որոշակի հետք է թողել էստրադային երգչուհի Լոլա Խոմյանցը։
«Ես մի խմբում եմ ելույթ ունեցել, որտեղ մենակատարը հայ երգչուհի Լոլա Խոմյանցն էր։ Նա ԽՍՀՄ-ի լավագույն ջազ երգչուհիներից մեկն էր, նրա հետ ելույթ ունենալը մեծ երջանկություն էր, ես նվագակցում էի նրան», - ասաց Շուֆուտինսկին։
Արտիստն ընդգծեց, որ հենց Լոլա Խոմյանցի ու նրա ամուսնու՝ Արտաշես Ավետյանի շնորհիվ է սիրել հայկական երգն ու երաժշտությունը:
Միխայիլ Շուֆուտինսկին Երևան է ժամանել մարտի 27-ին կնոջ՝ Սվետլանայի հետ։
Վալերի Լեոնտևը որոշել է լքել բեմը