ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Մերձմոսկովյան Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 18 տուժածների, այդ թվում՝ երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ 74 մարդ շարունակում է բուժում ստանալ դաշնային հաստատություններում, Մոսկվայի մարզի և Մոսկվայի հիվանդանոցներում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի առողջապահության նախարարին։
«Նրանցից երեքը (ահաբեկչության հետևանքով տուժածները, որոնք գտնվում են ստացիոնար բուժման մեջ) շարունակում են ծայրահեղ ծանր վիճակում մնալ։ Նրանք ծանր հրազենային վնասվածքներով, ինչպես նաև հրազենային վնասվածքների և այրվածքների համադրությամբ հիվանդներ են», - լրագրողներին ասել է Միխայիլ Մուրաշկոն:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 143–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։