ՀՀ–ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային

Նշվում է, որ 2011 թ. Ֆուկուսիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ևս ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ–ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո թերակղզում 2024 թ. հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար: Որոշումն ընդունվեց այսօրվա ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Ճապոնիայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, որ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրան և Ճապոնական Կարմիր խաչի ընկերակցությունը մինչև 2024 թ. դեկտեմբերի 27-ը նվիրատվություններ կընդունեն՝ 2024 թ. հունվարի 1-ին Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ 2011 թ. Ֆուկուսիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար:
Կառավարությունից նշում են, որ Ճապոնիան Հայաստանի խոշորագույն դոնոր երկրներից է: 1992 թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով տրամադրված դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 84 մլն ԱՄՆ դոլար: